1988 թ. գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը և Time ամսագիրը դիմեցին իրենց ժամանակի հայտնի մտածողներին` գրել մի քանի բառ ապագայի մարդկանց, ովքեր ապրելու են 2088 թվականին: ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏԸ նրանցից մեկն էր, որ համաձայնեց ուղերձ հղել ապագա սերունդներին:
2088 թվականի տիկնայք և պարոնայք:
Ենթադրվում է, որ դուք կունկնդրեք անցյալից եկող իմաստնության խոսքերը, որ XX դարում ապրողներիցս ոմանք հղում են ձեզ: Հիշեք խորհուրդը, որ Շեքսպիրի «Համլետի» Պոլոնիուսն էր տալիս. «Ամենից կարևորը` հավատարիմ եղեք ինքներդ ձեզ»: Կամ թեկուզ Հովհաննես Աստվածասերի խոսքերը. «Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, քանի որ նրա ժամն է եկել»: Իմ դարաշրջանից լավագույն խորհուրդը և ընդհանրապես բոլորին ցանկացած ժամանակ, կարծում եմ, այն աղոթքն է, որ առաջինն օգտագործել են ալկոհոլիկները, ովքեր հույս ունեին այլևս երբեք չխմել. «Աստված իմ, տուր ինձ հոգեկան անդորր` ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, ուժ տուր փոխեմ այն, ինչ կարող եմ, և իմաստնություն, որ մեկը մյուսից տարբերեմ»:
Մեր դարում, ի տարբերություն այլ դարերի, իմաստուն խոսքերը ապարդյուն չէին տրվում: Կարծում եմ` այն պատճառով, որ մենք առաջինն արժանահավատ տեղեկություններ ունեցանք մարդկության վիճակի մասին` որքան ենք մենք, որքան սնունդ կարող ենք աճեցնել ու հավաքել, որքան արագ ենք բազմանում, ինչից ենք հիվանդանում, ինչն է մեզ սպանում, որքան ենք օդն աղտոտում, որքան ջուրն ու հողը, որոնցից է կախված կյանքի ձևերի քանակն ու բազմազանությունը, որքան դաժան ու անխնա է լինում բնությունը և այլն, և այլն: Կարծում եք` հե՞շտ է աջ ու ահյակ իմաստնություններ ցրել, երբ մեր շուրջբոլորն այդքան վատ լուրեր կան:
Ինձ համար ամենացնցող տեղեկությունն այն էր, որ Բնությունը ինքն իրեն չի պահպանում: Նրան պետք չէ մեր օգնությունը, որպեսզի մոլորակը մասերի բաժանի ու նորից հավաքի, այլ կերպ, բայց ոչ կենդանի էակների կյանքի բարելավման համար: Բնությունն այրում է անտառները կայծակի հարվածով: Բերրի հողերը ծածկում է հրաբխի լավայով` ոչնչացնելով կենդանի ամեն ինչ ավելի արդյունավետ, քան քաղաքի հսկայական ավտոկայանատեղերը: Անցյալում Բնությունը վիթխարի սառույցները Հյուսիսային բևեռից քարշ տվեց` դարերով փոխելով Եվրոպայի, Ասիայի ու Հյուսիսային Ամերիկայի լանդշաֆտը: Պատճառներ չկան մտածելու, որ նորից նույնը չի անի երբևէ: Հենց հիմա նա արդեն աֆրիկյան արգելոցներն է անապատացնում, քաղաքներ է ջնջում տեղատվության ալիքներով, մի օր էլ մեր գլխին կթափի շիկացած քարեր տիեզերքից: Բնությունը կարող է մի ակնթարթում ոչնչացնել կենդանի ամեն ինչ, չորացնել օվկիանոսներն ու ջրի տակ թողնել ամբողջ մայր ցամաքները: Եթե մարդիկ կարծում են, որ Բնությունն իրենց բարեկամն է, նրանց հաստատ ուրիշ ոչ մի թշնամի պետք չէ:
Այո, դուք, որ ապրում եք հարյուր տարի հետո, պետք է ստույգ իմանաք, և ձեր թոռներն ավելի լավ իմանան. Բնությունն անխնա է, երբ գործը վերաբերում է կոնկրետ վայրում և ժամանակում հասանելի սննդի և կյանքի քանակի համամասնությանը: Ի՞նչ եք անելու դուք և Բնությունը մոլորակի գերբնակեցվածության հետ: Հիմա` 1988-ին, մենք նման ենք սառցաբեկորի նոր տեսակի` տաքարյուն ու բանական, անկանգ, շուրջբոլորն ամեն ինչ խժռելու, սիրով զբաղվելու, բազմանալու և ամեն ինչ իր տակ թաղելու մեջ:
Լավ մտածելով, ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ Դուք և Բնությունը կարող եք գլուխ հանել այդքան շատ մարդկանցից և այդքան քիչ պարենի պաշարից:
Հաջորդ խելագար գաղափարը, որ ես կարող եմ ձեզ առաջարկել. գուցե արժի ջրածնային ռումբեր միմյանց գլխին թափել, որպեսզի հետո, վերջապես մեր ուղեղը սկսի զբաղվել ավելի խոր խնդրով` որքան ավելի դաժան կլինի Բնությունը մեր նկատմամբ, որ մեր էությամբ հենց ինքը` Բնությունն ենք:
Հիմա, երբ մենք կարող ենք քննարկել ստեղծված քաոսը, հույս ունեմ, որ դուք արդեն դադարել եք ընտրել ողբալիորեն անկիրթ լավատեսներին ղեկավար պաշտոններում: Նրանք համեմատաբար օգտակար էին միայն այն ժամանակ, երբ ոչ ոք գաղափար էլ չուներ, թե ինչի կհանգեցնի նրանց անսանձ լավատեսությունը, այսինքն` վերջին յոթ միլիոն տարիներին: Իմ ժամանակներում նրանք դարձել են իսկական աղետ` ղեկավարելով բարդ անվանումներով ինստիտուտները, որոնք իբր ինչ-որ գործ են անում:
Այսօր մեզ պետք են կառավարիչներ, որ չեն խոստանում արագ և վերջնական հաղթանակ Բնության նկատմամբ` շնորհիվ անկոտրում համառության, որ այնքան բնորոշ է նրանց, այլ խելամտորեն ու տղամարդավարի խոստովանում են, որ մենք պետք է ընդունենք մեր պարտությունը Բնության առաջ հնարավորինս շուտ:
.Կրճատել և կայունացնել մարդկության պոպուլյացիան:
. Դադարել աղտոտել օդը, ջուրը և հողը:
. Դադարել պատերազմների պատրաստվել և սկսել իսկական խնդիրները լուծել:
. Սովորեցնել իրենց երեխաներին և իրենք իրենց` ինչպես ապրել այս փոքրիկ մոլորակում ու ջանալ չսպանել նրան:
. Դադարել մտածել, որ գիտությունը կարող է լուծել ցանկացած խնդիր, եթե տրիլիոն դոլար հատկացվի:
Դադարել մտածել, որ մեր թոռների համար ամեն ինչ կարգին կլինի` անկախ նրանից, թե որքան անմիտ ու կործանարար էիք դուք, միայն այն պատճառով, որ ապագայում նրանք կարող են մեծ տիեզերանավերով թռչել նոր, ավելի հարմար մոլորակներ: Որովհետև դա, մեղմ ասած, հիմարություն է: Եվ այլն, և այլն:
Ինչո՞ւ եմ ես այսքան հոռետես հարյուր տարի հետո ապրողների նկատմամբ: Գուցե այն պատճառով, որ ես չափազանց շատ ժամանակ եմ անցկացրել գիտնականների հետ և չափազանց քիչ նրանց հետ, ովքեր գրում են քաղաքական գործիչների ելույթները: Որքան ինձ հայտնի է, նույնիսկ բոմժերն ու բոմժուհիները 2088-ին սեփական ուղղաթիռներ կամ հրթիռներ կունենան: Ոչ ոք ստիպված չի լինի տնից դուրս գալ նույնիսկ աշխատանքի կամ սովորելու գնալու համար, արդեն չեմ ասում, որ պարզապես դադարի հեռուստացույց նայել: Բոլորը օրերով նստած կլինեն` միացած համաշխարհային համակարգչային համակարգերին և նարնջի հյութ կխմեն ձողիկով` ինչպես տիեզերագնացները:
Ողջույններով` Կուրտ ՎՈՆԵԳՈՒՏ
Թարգմանությունը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ